15.07.2012

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ. ԲԱՂԴԱԴԻ ԽՈՒՐՄԱ

Կատեգորիա Ժողովրդական բժշկություն

Փյունիկյան արմավենին բարձր, սլացիկ ծառ է մինչեւ 8 տասնյակ խոշոր, երկար տերեւներով: Պտուղները (ֆինիկի) աճում են խիտ, մի քանի մետր տրամագիծ ունեցող ողկույզներով: Մշակվել է ավելի քան 5000 տարի առաջ:

Հնագույն եգիպտական գրավոր արձանագրություններում կան նշումներ այս մասին (2500 թվական, Ն.Ք.):

Արաբիայի անապատներում այդ սննդարար պտուղը փոխարինել է նույնիսկ հացին: Արշավանքների ժամանակ արաբ զինվորներն իրենց հետ տարել են պտղի մեծ պաշար:

Փյունիկյան արմավենու բնափայտում պարունակվող հյութից պատրաստում են ոգելից խմիչքներ, օշարակ, քացախ եւ այլն:

Հնագույն ժամանակներից այս պտուղը համարվել է աստծո կողմից մարդկանց պարգեւած սնունդ և բնորոշվել որպես  առատության, հարստության, առողջության խորհրդանիշ:

«Բաղդադում խուրմա կա»թեւավոր խոսքը բնորոշում են արաբական խալիֆների ապարանքների անասելի եւ անհաշիվ հարստությունն ու շքեղությունը:

Խուրմայից արաբական երկրներում ստանում են ալյուր, յուրահատուկ տեսակի մեղր, երկար պահպանվող մածուկ:

Արտահանման ծավալներով առաջատարը Սաուդյան Արաբիան է: Չկա այդպիսի արաբական երկիր, որը չմշակի եւ չարտահանի այս հրաշալի պտուղը, որը մշակվում է նաեւ Իրանում, Կալիֆոռնիայում, Հարավային Աֆրիկայում: Տեսակներն այնքան շատ են, որ նույնիսկ մասնագետները չեն կարողանում վերջնականորեն զանազանել դրանք: Գոյություն ունի մոտ հազար տեսակ:

Հայ բժշկապետ Ամիրդովլաթ Ամասիացին իր «Անգիտաց անպետ» դեղամիջոցների միջնադարյան հանրագիտարանում արմավի վերաբերյալ գրում է.» Փյունիկյան արմավը շատ տեսակներ ունի: Ամենալավը մսոտ ու քաղցր տեսակն է: Օժտված է մարմինը մաքրող ու ամրացնող հատկությամբ: Եթե դրա կորիզն այրեն ու քսեն գլխին, կամրացնի մազերը, կնպաստի դրանց աճին՚:

Հացհամեմի հետ եփելու եւ ուտելու դեպքում կօգնի ասթմայով ու շնչահեղձությամբ տառապողներին: Եթե արմավը թրջեն կաթի մեջ եւ ուտեն, կառատացնի սերմնարտադրությունը: Այս պտուղը սննդարար ուտելիք է: Այն թանձրացնում է արյունը ու տարրալուծում  քարերը: Եթե յուղի հետ լավ տրորեն ու քսեն քարացած ուռուցքին, կօգնի:

Իսկ վարդի յուղի հետ խառնած արմավը կօգնի եղունգների խոցերի դեպքում: Բայց վնաս է միզապարկի եւ երիկամների համար: Ավելի քան 2000 տարվա վաղեմության բնակավայրի պեղումների ժամանակ իսրայելցի գիտնականները հայտնաբերել են արմավի սերմեր: Նրանց հաջողվել է աճեցնել այդ սերմերը: Պարզվել է, որ այդ տեսակն ունի յուրահատուկ բուժիչ հատկություններ եւ անհետացել էր 500 տարի առաջ:

Փյունիկյան արմավենու պտուղները պարունակում են ենթավիտամին A, B խմբի վիտամիններ, ավելի քան 23 տեսակ ամինաթթուներ, որոնք բնորոշ են միմիայն այս պտղին: Չորացած պտուղներում պարունակվում է մինչեւ 65 % շաքար, հիմնականում մրգաշաքար եւ խաղողաշաքար: Իր կալորիականությամբ զիջում է միայն քիշմիշին եւ հավասար է ծիրանի, թզի, բալի, չրերի կալորիականությանը:

Մի քանի րոպե տաք կաթի մեջ մնալուց հետո զգալիորեն լավանում են պտուղների համը եւ օգտակարությունը:

Օրվա մեջ ուտելով 10 հատ պտուղ, բավարարվում է օրգանիզմի պահանջը մագնիումի, պղնձի, ծծմբի հանդեպ, կիսով չափ երկաթի եւ մեկ քառորդով կալցիումի հանդեպ:

Հարուստ է կալիումով, այդ պատճառով մեծ կիրառում է գտնում սիրտ-անոթային հիվանդությունների, մասնավորապես հիպերտոնիայի դեպքում, որպես դիետիկ սնունդ:

Սակայն որոշ քանակությունից հետո ճնշումը կարող է բարձրանալ: Խոլեստերինի պարունակությունը գրեթե զրոյական է եւ օգտագործվում է աթերոսկլերոզի եւ որոշ ուռուցքային հիվանդությունների կանխարգելման նպատակով: Պարունակելով զգալի քանակությամբ բջջանյութ, իջեցնում է խոլեստերինի մակարդակը: Շատ օգտակար է մտավոր աշխատանք կատարողներին, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ շաքարանյութ: Մագնեզումի զգալի պարունակության շնորհիվ կարգավորվում է մարդու ֆիզիկական եւ հոգեկան վիճակը, բարձրանում է տրամադրությունը: Պտուղները օգտակար են նաեւ այն մարդկանց, ովքեր ունեցել են ոսկրային կոտրվածք: Պտուղը պարունակում է նյութ, որն իր բաղադրությամբ նման է օքսիտոցին հորմոնին, որի շնորհիվ ավելանում է կերակրող մայրերի կաթը:

Եթե դուք գնել եք չորացրած արմավի պտուղներ, ապա անպայման ենթարկեք դրանք ջրային մաքրման, ցանկալի է տաք ջրով, քանի որ դրանք մշակված են ծծմբային գազերով: Պետք է պահել սառնարանում, կիպ պահված տարայի մեջ, քանի որ դրանք կլանում են կողմնակի շրջապատի հոտերը:

Սնունդը` դեղ

200 գրամ կորիզներից անջատված պտուղը եփեք 1 լ կաթի մեջ մինչեւ 20 րոպե եւ կերեք այդ պտուղները սնունդ ընդունելուց 10-15 րոպե առաջ. այննվազեցնում է ախորժակը եւ նպաստում նիհարելուն:


To top