05.02.2013

ՄԱՍՈՒՐ

Բաժին: Տարբեր աղբյուրներից

Մասուրը կամ վայրի վարդը  հիացնում է իր գեղեցիկ ծաղիկներով ու կարմրաթուշ հատապտուղներով, համարվում է ամենաօգտակար դեղաբույսերից մեկը:

Մասուրը պատկանում է վարդազգիների ընտանիքին, լավ մեղրաբեր է: Հատապտուղների հրաշալի բուժիչ հատկությունների համար, հնում մասուրն անվանել են անտառային բժիշկ: Մասուրը  բարակ, փշոտ շիվերով (մինչև 3 մ) թուփ է:

Օգտակար  են ոչ միայն մասուրի պտուղները, այլև արմատները: Մասուրի չորացրած արմատները կապող հատկություն ունեն, իսկ սերմերը հրաշալի յուղի աղբյուր են, որը վիտամինների ու ճարպաթթուների ամբողջություն է: Այն օգտագործում են վերքերի բուժումն  արագացնելու և` որպես հակաբորբոքային միջոց: Մասուրի սերմը ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է միզուղիների քարերի դեմ: Իսկ մասուրի բուրավետ ծաղիկներից և պտղից համեղ և օգտակար մուրաբա են պատրաստում:

Մասուրի հասունացած պտուղներն անվանում են ոչ այլ կերպ, քան վիտամինների և մարդու օրգանիզմին անհրա-ժեշտ այլ օգտակար նյութերի պահեստ: Մասուրի պտուղները յուրօրինակ են իրենց կազմությամբ: Դրանց մեջ պոլիվիտամինների մեծ խումբ է պարունակվում, որոնց մեջ գերակշռում է ասկորբինաթթուն (վիտամին C): Մասուրի որոշ տեսակներում C վիտամինի պարունակությունը կարող է հասնել մինչև 18%-ի: Եթե համեմատենք մասուրը C վիտամինի այլ սովորական աղբյուրների հետ` կիտրոնի և սև հաղարջի, ապա վարդազգի ներկայացուցչի առավելությունն ակնհայտ է. դրա պտուղներում պարունակվում է 10 անգամ ավելի շատ ասկորբինաթթու, քան սև հաղարջի և 50 անգամ ավելի շատ, քան` կիտրոնի մեջ:

Մասուրի օգտակար հատկություններն անսահման են: Իր հարուստ կենսաքիմիական կազմության շնորհիվ, օգտագործվում է զանազան հիվանդությունների բուժման համար: Հայտնի է, որ մասուրը բարենպաստ է ազդում մարսողության օրգանների աշխատանքի վրա, ակտիվացնում է երիկամների աշխատանքը, ունի միզամուղ ազդեցություն: Մասուրի օգտագործմամբ արգելակվում է բորբոքային գործընթացների զարգացումը: Այն նպաստում է նաև վնասակար մանրէների ոչնչացմանը: Թփից նոր քաղած մասուրի հատապտուղները (սերմերով դրանց ուտելու դեպքում) օրգանիզմից դուրս են մղում ժապավենաձև ճիճուներին (երիզորդներին):

Ասկորբինաթթվի բարձր պարունակությունը թույլ է տալիս օգտագործել մասուրը` ավիտամինոզների և մրսածության  ժամանակ, ինչպես նաև` իմունային համակարգն ուժեղացնելու համար: Ասկորբինաթթվի ազդեցության  տակ անոթների պատերը մաքրվում են խոլեստերինից: Ամրանում են մազանոթները, օրգանիզմի պաշտպանիչ ուժերը մոբիլիզացվում են զանազան վարակ-ների դեմ պայքարելու համար:

Մասուրի բացառիկ օգտակար հատկությունները նպաստում են ոսկորների սերտաճմանը և վերականգնողական գործ-ընթացների արագացմանը:

Մասուրի օգտագործումը թույլ է տալիս. արդյունավետ ձևով ամրացնել անոթային համակարգը, բուժել միզասեռական համակարգի հիվանդությունները (երիկամաքարերի),  աղեստամոքսային համակարգի հիվանդությունները (տասներկումատնյա աղիքի խոց, գաստրիտներ, հաստ աղիքի բորբոքումներ), լավացնել հիվանդների վիճակը` մալարիայի, սակավարյունության, արնահոսությունների ժամանակ, նպաստել արյան ճնշման իջեցմանը, ինչպես նաև վերքերի սպիացմանը:

Մասուրն օգտագործում են ցանկացած ձևով` թեյի, եփուկի, թուրմի, օշարակի, հյութի և այլն: Մասուրի թեյը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը:

Մասուրի օգտագործումը հակացուցված է այն մարդկանց համար, ովքեր տառապում են թրոմբոզներով, տրոմբոֆլեբիտներով, էնդոկարդիտներով և արյան շրջանառության անբավարարությամբ:


To top